Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պետք չէ աչքից բաց թողնել Հարավային Կովկասը

Պետք չէ աչքից բաց թողնել Հարավային Կովկասը
31.05.2012 | 14:28

Մեզանում օրինաչափորեն ստացվել է այնպես, որ Քլինթոնն ավելի շատ է Հայաստան գալիս, քան Վանոն: Այնուհանդերձ, Քլինթոնի ամեն գալուց արդիականանում է «հայտնի» միտքը:
Եվ քանի որ միտքը կենդանի է ու իր հետ ճակատագիր է բերում, այս անգամ «միտքն» աշխատում է բավականին ինտենսիվ. ասել է` ԱՄՆ-ը զգում է, որ տարածաշրջանում այսօր որոշակի եզրային վիճակ է առաջացել, և Քլինթոնի այցով փորձում է թույլ չտալ ամերիկյան երազանքի տրանսֆորմացիան` «Վրացական երազանքով»: Եթե ուղիղն ասենք` ռուսական երազանքով:
Քլինթոնի տարածաշրջանային այցի մասին դիտարկումները սկսենք Վրաստանից, ուր ամենամեծ վեճն է ընթանում երկու գերտերությունների միջև, ուր քննություն է բռնել Զբիգնև Բժեզինսկու վերջերս առաջ քաշած թեզը` ոչ մի ուժ չի կարող գերիշխել այսօր աշխարհում:
Նկատենք` Ռուսաստանը Վրաստանում խաղում է բավականին բարձր քաղտեխնոլոգիաներով. Իվանաշվիլին ծախեց ռուսական իր բիզնեսը, եգիպտական «բուրգը շրջեց գլխիվայր»` հայելային արտացոլմամբ ու իր կուսակցությունն անվանեց «Վրացական երազանք», փորձեց ընդունելի դառնալ նաև Արևմուտքի համար, ու այսօր ամեն ինչ անում է, որպեսզի Քլինթոնն իրեն ընդունի որպես Վրաստանում քաղաքական նոր ուժային կենտրոն, հաշվի նստի իր հետ` «ստավկաներն» անկանխատեսելի Սաակաշվիլուց տեղափոխելով իր վրա: Քլինթոնի այցից առաջ նրան հաջողվեց հարյուրհազարանոց միտինգ անցկացնել Թբիլիսիում, զուգահեռաբար էլ Մոսկվայում սպանվեց ոչ անհայտ վրացի գեներալ Դումբաձեն, և այդ սպանությունը OPT-ով հայտարարվեց Սաակաշվիլու ձեռքի գործ` Պատարկացաշվիլուն և Ժվանիային խաղից հանելու նույնակերպ տեխնոլոգիաներով իրականացված:
Ակնհայտ է, որ բոլոր առումներով ԱՄՆ-ի համար Վրաստանում հեշտ չի լինելու, անգամ Չիկագոյի գագաթնաժողովում վերջինիս ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու քննարկումը ոչ ևս անելու քայլին ընդառաջ: Վարդերի Վրաստանը տրոհվում է. կիսել այն միմյանց միջև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կարող, չեն էլ ցանկանա:
Այսպիսով, պաշտոնավարումը գրեթե ավարտող (գիտենք, որ Հիլն ասել է` հոգնել է քաղաքականությունից, այլևս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ) Օբամային երկրորդ պտույտի պատրաստող ամերիկյան «ադմինիստրացիան», ի դեմս Քլինթոնի տարածաշրջանային այցի, գույքագրում է կատարում Հարավային Կովկասում, փորձում է հասկանալ ու ստուգել տարածաշրջանային դիմակայության ֆոնը, հնարավորությունները: Բնականաբար, առաջին հերթին հենց Վրաստանում:
Տիկնոջ այցի հաջորդ նպատակը նույնպես գլոբալ է:
Տեսանելի է, որքան էլ Ասադի ռեժիմը` Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի ձեռքից բռնած համառում է (տեղյակ ենք` միջազգային փորձագետներն այնքան էլ միանշանակ չեն գնահատում սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, նրա իրականացման սխեման և նշում են, որ չնայած տիկին Հիլըրին այն համարել է «վայրենություն», այնուհանդերձ, այն ձեռնտու էր առաջին հերթին հենց ամերիկյան «ադմինիստրացիային»), ակնհայտ է` ԱՄՆ-ը Սիրիայի հարցում շտապում է, և ցանկանում է օր առաջ` այս ամառ, մինչև Օբամայի ընտրություններ, այդ հարցը լուծել: Պարզապես և առայժմ` առիթ չկա Սիրիա «ներխուժման»:
Չնայած` կարելի է և գտնել… առիթ: Ինչպես եղավ Իրաքի, Լիբիայի դեպքում, թեկուզ առանց ՄԱԿ-ի սանկցիայի:
Այսպիսով, Քլինթոնը փորձում է տեղում հասկանալ, եթե` այդպես, ապա ինչպիսին է իրերի վիճակն այս տարածաշրջանում` Սիրիա սպասվելիք ներխուժման, էլ ավելին` իրենց հաջորդ, առավել էական քայլի` Իրանի հարցն օրակարգ մտցնելուց առաջ:
Հասկանալի է, ԱՄՆ-ի իրական նպատակը հենց Իրանն է, որը, ըստ ամենայնի, կլինի ընտրություններից հետո Բարաք Օբամայի միակ ու վերջնական գործը: Ընդ որում, եթե նկատում եք, իրանյան խնդրում նույնպես զարգացումների պակաս չկա, հետ-առաջի քաղտեխնոլոգիան շատ արագ է աշխատում այստեղ ևս: Արդեն Պանետան, ու ոչ Իսրայելը, «պատրաստ է խփելու» Իրանին: Էնտեղ էլ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները վերջապես հարստացած ուրան գտան, որը կարող է միջուկային մարտագլխիկ «ապահովել» Իրանի համար:
Ահա այստեղ էլ տիկին Քլինթոնի համար առաջանում է Ադրբեջան մտնելու հարցը: Ընդ որում, ի տարբերություն Վրաստանի և Հայաստանի, ամենաերկակի վիճակը հենց Ադրբեջանում է. մի կողմից` նա ռուսներին «բայ» է ասում ու «վտարում» Գաբալայից, մյուս կողմից` «Բրիթիշ պետրոլեումն» է «Նաբուկոյից» հրաժարվում` «բայ» ասում: Երրորդ կողմում էլ` իր օդանավակայանն է տրամադրում Իսրայելին` Իրանի վրա հարձակվելու համար: Փաստորեն, այստեղ ևս Հիլըրին գույքագրման, իրերի վիճակը հայտարարագրելու բավականին լուրջ խնդիրներ ունի. այն է` ինչպես կպահի իրեն Ադրբեջանը Սիրիա-Իրան առանցքում. արդյոք չի՞ օգտվի առիթից լոկալ պատերազմական գործողություններ սկսելու ոչ թե իր, այլ Ռուսաստանի ձեռքից բռնած, ղարաբաղյան «գետնին» վրա: Սրանով բացատրեք վերջին շրջանում ադրբեջանական ժողովրդավարության «բացակայության» արևմտյան նկատառումներն ու «Եվրատեսիլի» փսորումը:
Եվ վերջապես. Հիլըրիին և ողջ ամերիկյան «ադմինիստրացիային» հետաքրքիր է Պուտինից «սերված» Եվրասիական Միության ճակատագիրը:
Նկատենք` Պուտինին հաջողվեց Կենտրոնական Ասիայի երկրները հետ պահել Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից: Այդ երկրները Եվրասիական Միության պոտենցիալ հավակնորդներ են: ՈՒշադիր հետևելով Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան, բավականաչափ օդիոզ ֆիգուր պարոն Մաքֆոլդի և պաշտոնական Մոսկվայի` «ա լյա Վանո» բանավեճին, նկատում ենք` «Քլինթոն և իր մայրիկ» ձևաչափն ընդհանրապես օրինաչափ է դառնում Ռուսաստանի համար. վերջինիս ահավոր նյարդայնացնում են ոչ միայն «Մանաս» օդանավակայանը, այլև ռուսական ընդդիմադիրներին համախմբելու պարոն Մաքֆոլդի հաջողված ջանքը:
Այսպիսով, կենտրոնասիական ճակատում, այս պահին, այո, հաջողություն է արձանագրել Ռուսաստանը, և դա չէր կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին, և ուշադրությունը պահելով այդ զարգացումների վրա, պետք չէ աչքից բաց թողնել Հարավային Կովկասը նույնպես:
Ի դեպ, հիշենք, որ վերջին պահին Չիկագո մեկնելուց հրաժարվեց նաև Հայաստանը:
Հայաստանում անորոշության իրավիճակ է` խորհրդարանական ընտրություններից հետո: Չմոռանանք` Հայաստանը կարող է շատ լավ հարթակ լինել Իրանի հետ «հարաբերությունների» հաղթահարման, իրավիճակային խնդիրների լուծման համար, մյուս կողմից` Հայաստանը տիեզերաբանական բուֆեր է` իսլամական-քրիստոնեական-քաղաքակրթական երկխոսության համար, երրորդ կողմից` Հայաստանն ամենականխատեսելին ու կայունն է կովկասյան երեք երկրներից, նաև` իր չարչրկված կոմպլեմենտար քաղաքական գծով:
Ո՞Ւր է գնալու Հայաստանն այսօր, երբ խորհրդարանական ընտրություններն իրողությունների որոշակի նոր շեմ են արձանագրել: Կարողանո՞ւմ է Հայաստանը, իմա` նախագահ Սերժ Սարգսյանը, պահպանել մինչ այս դրսևորած կառուցողականությունը թե՛ հայ-թուրքական, թե՛ ղարաբաղյան, թե՛ Եվրասիական Միության, թե՛ ՆԱՏՕ-ական, թե՛ եվրոպական ու տարածաշրջանային մնացած հարցերում:
Ինչպես տեսնում եք, Հայաստանում ևս գույքագրման արժանի շատ հարցեր կան տիկին Հիլի համար:
Կարծում ենք` մեկ ինտիմ «նյուանս» ևս կա պետդեպի տիկնոջ հայաստանյան այցում: Հա, իհարկե, նա սիրում է Նալբանդյանի հետ երեկոյան չափչփել ամառային Երևանի փողոցները, հիանալ մեզնով, մեր երկրով, մեր նիստուկացով. նախորդ անգամ այստեղ էր ԱՄՆ-ի անկախության տոնին, կապույտ շորերը հագել էր, ալ կոշիկը ոտնել էր, ոսկե-քյամար-գոտին կապել էր, ինչը նույնքան հասկանալի ու օրինաչափ է մեզ համար, որքան Վանոյի մտքերն ու նրա մասին մեր հիշողությունները:
«Ինտիմն» այս դեպքում կարծես այլ է. համոզված ենք, որ չնայած պետդեպի` մարդու իրավունքների, ԵԽԽՎ-ի, ինչպես նաև սպասվող ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցներին, Քլինթոնի այցը տեսանելի աջակցություն է հայաստանյան օրվա իշխանությանը` նախագահական ընտրություններից առաջ, մեսիջ Ռուսաստանին` ստատուս քվոյի պահպանման արևմտյան-ամերիկյան կամքի մասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ